ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատակազմում բարեփոխումների հրամայականը պայմանավորված է փորձագիտական ու վերլուծական կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությամբ, որի ուղղությամբ արդեն իրականացվում են համապատասխան գործողություններ: Արա Սաղաթելյանը շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է նաեւ «Բաց խորհրդարան» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները:
Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղարը, ընդգծելով խորհրդարանական վերահսկողության հարցում Շվեյցարիայի առաջադեմ փորձը, փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:
Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շվաբը, նշելով, որ Շվեյցարիայի օրենսդիր մարմնի աշխատակազմը փորձագիտական կարողությունների լուրջ ներուժ ունի, առաջարկել է աշխատանքային տարբեր ձեւաչափերով այս հարցում համագործակցել ՀՀ խորհրդարանի աշխատակազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ երկարատեւ համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային անդամակցելու հայտ է ներկայացրել, որի քննարկումը նախատեսված է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում` 2018 թվականի մարտի 26-ին, Ժնեւում:
Ֆիլիպ Շվաբը ողջունել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Ասոցիացիային անդամակցելու նախաձեռնությունը` փաստելով, որ Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան կարեւոր հարթակ է գլխավոր քարտուղարների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման համար: Նա ընդգծել է, որ որպես այդ կառույցի նախագահ եւ գործադիր մարմնի անդամ` ինքն ամենայն ուշադրությամբ կանդրադառնա Հայաստանի անդամակցության հայտին:
Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում տարբեր մակարդակներում աշխատանքային շփումները շարունակելու եւ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: