Ազգերի լիգայում Հայաստանին ծանր փորձություն է սպասում։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Կարծում եմ` Ազգերի լիգայում մեզ շատ դժվարություններ են սպասվում։ Թող ոչ մեկին չթվա, թե մենք հայտնվել ենք շատ թեթև խմբում` շատ պարզ մրցակիցներով։ Ժամանակակից ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ, մեզ լուրջ փորձություն է սպասվում։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվով կատարենք խնդիրն ու հաղթենք ամեն խաղում», – լրագրողներին հայտարարեց Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունից հետո։
Խոսելով Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ նախատեսված հանդիպումների մասին` Մխիթարյանը նշել է, որ հավաքականում տրամադրվածությունը միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա։
Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 24-ին ժամը 18։00-ին, Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նույնպես տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 27-ին ժամը 19։00-ին։
«Կաշխատենք հաղթել երկու հանդիպումներում, չնայած որ սպասվում են ֆուտբոլիստների փոփոխություններ մարզչի կողմից։ Սակայն դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու մեր ձգտման վրա»,-ասել է Մխիթարյանը։
Նրա խոսքով, հայկական հավաքականը պետք է առավելագույնն անի այս ընկերական հանդիպումներում, ինչպես նաև մայիսի վերջին կայանալիք խաղերում, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվի Ազգերի լիգայի ցիկլին։