armtimes.com-ը գրում է. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի ժխտում, որ ռուսաստանցի հայտնի գործարար, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ «Ռոբսոնը», եղել է նախարարի խորհրդական, սակայն չի մանրամասնում, թե ինչ խորհուրդներ է տվել նա նախարարին։
Ռուբեն Թաթուլյանը եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը եւ ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր:
«Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչեւ 2017 թվականի վերջը: Եվ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»,- ասաց Նալբանդյանը՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ խորհուրդներ էր իրեն տալիս Թաթուլյանը։
Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, վերջերս հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում, որը հերքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Թաթուլյանն այլեւս նման կարգավիճակ չունի: «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»,- ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանն անցյալ տարվա մայիսին ձերբակալվել էր Չեխիայում, որի մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:
Չեխիայում պետք է կայանար «գողական սխոդկա» եւ օրենքով գողերի թագադրություն, որը Չեխիայի ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
