28.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՎրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել

Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել

Վրաստանի կառավարությունը ընդլայնել է Ներքին գործերի նախարարության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում։ Գերատեսչության կանոնադրության համապատասխան փոփոխությունները երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կատարել է օգոստոսի 17-ի որոշմամբ, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Այժմ աշխատանքային միգրացիայի մասին օրենսդրության պահպանման վերահսկողությամբ և օտարերկրացիների անօրինական գտնվելու դեմ պայքարով պաշտոնապես կզբաղվեն ոչ միայն ՆԳՆ միգրացիայի վարչությունը, այլև պարեկային ու քրեական ոստիկանությունը։

Սա նշանակում է, որ օտարերկրացիների միգրացիոն կարգավիճակի ստուգումը կդառնա ոստիկանների ամենօրյա աշխատանքի մաս։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարեկային ոստիկանության աշխատակիցները կկարողանան պարզել, թե արդյոք օտարերկրյա քաղաքացին ունի Վրաստանում աշխատելու օրինական հիմքեր։ Ոստիկանությունը նաև հնարավորություն կստանա կազմել արձանագրություններ և նշանակել վարչական տուգանքներ անօրինական աշխատանքի տեղավորման կամ անհրաժեշտ թույլտվությունների բացակայությամբ աշխատողների վարձելու համար։

Պարեկային և քրեական ոստիկանությունը կկարողանան ստուգումներ անցկացնել ձեռնարկություններում և կազմակերպություններում, այդ թվում՝ ռեստորաններում, շինարարական ընկերություններում և առաքման ծառայություններում, որպեսզի պարզեն՝ արդյոք գործատուները պահպանում են օրենսդրության պահանջները օտարերկրյա աշխատակիցների նկատմամբ։

Խախտումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները կկարողանան ձերբակալել այն օտարերկրացիներին, որոնք երկրում գտնվում են կամ աշխատում են առանց օրինական հիմքերի, և նրանց տեղափոխել ժամանակավոր պահման վայրեր՝ արտաքսման հարցի հետագա լուծման համար։

Միևնույն ժամանակ միգրացիայի վարչությունը կպահպանի մասնագիտացված մարմնի գործառույթները։ Այն պատասխանատու կլինի ժամանակավոր պահման և ապաստան հայցողների ընդունման կենտրոնների աշխատանքի, միջազգային պաշտպանության վերաբերյալ դիմումների քննության, ռեադմիսիայի ձևակերպման և արտաքսումների անմիջական իրականացման համար։

Վրաստանի իշխանությունները վերջին տարիներին հետևողականորեն խստացնում են միգրացիոն քաղաքականությունը։ Երկրում պարզեցվել են օտարերկրացիների արտաքսման ընթացակարգերը, ինչպես նաև ընդլայնվել են նրանց բնակության վայրի և աշխատանքի ստուգման հնարավորությունները, և մտցվել են աշխատանքի տեղավորման լրացուցիչ սահմանափակումներ։

2025 թվականին Վրաստանից արտաքսվել է ավելի քան 1,3 հազար օտարերկրացի՝ միգրացիոն օրենսդրության խախտումների համար, ինչը վերջին տարիների առավելագույն ցուցանիշն է։ ՆԳՆ-ն պարբերաբար հայտնում է օտարերկրացիների ձերբակալության մասին, որոնց նախատեսվում է արտաքսել երկրից։


Աղբյուր՝ NEWS.am

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները