ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ ըստ նոր Սահմանադրության, Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, վարչապետից զատ, Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդում չեն լինի Ազգային ժողովի նախագահն ու երկրի նախագահը:
Նախագծում նշվում է, որ վարչապետը նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին: Բացի այդ, Անվտանգության խորհուրդն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:
Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանրային ծառայողներին:
Օրինագծի եզրափակիչ դրույթներով այս օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ից:
