Հոկտեմբերի 17, 2019

Երջանկությունը կատարելության ձգտելու ճանապարհն է

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

2016 թվականի հոկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն յոգան ճանաչել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Զրույցը յոգայի ուոսուցիչ Տրդատ Դոնիկյանի հետ անդրադառնում է յոգայի էությանն ու նպատակներին:

 

— Յոգայի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ու մեկնաբանություններ կան. այն նույնացվում է առանձին վերցրած՝ առողջ ապրելակերպի ուսմունքի, ֆիզիկական վարժանքների ու բուժական միջոցառումների համախմբի, տիեզերքի հետ կապի, անգամ մարդկային հարաբերությունների մասին ուսմունքների հետ: Ի վերջո, ի՞նչ է յոգան, ո՞րն է յոգայի իրական էությունն ու նպատակը:

— Յոգայի նպատակը երջանկության հասնել է, մնացածը հետևանք են:

— Իսկ ի՞նչ է յոգայում երջանկություն համարվում, և  ինչպե՞ս կարելի է հասնել այդ հոգեվիճակին:

Երջանկությունը ինչպես լույսը, ազատությունը վեհ հասկացություն է, այն վեհ զգացմունք է և մեր մարդկային ընկալումներից վեր է, բայց և միաժամանակ, թեև ոչ լիարժեքորեն, ընկալելի է: Տեսեք, ինչքան էլ մարդկությունը նկարագրում է, թե ինչ է սերը, այն միշտ մի աղբյուրի արտացոլում է, և միշտ կլինեն սիրո նոր պոետներ, նոր աղբյուրներ, և սերը նորովի կարտացոլվի ու կմեկնաբանվի: Այս առումով, երջանկություն և՛  սեր է, և՛ իմաստություն, երևակայություն, պայծառություն, ազատություն. Երջանկությունն այդ  հասկացությունների մեջ է: Մենք միշտ դրան ենք ձգտում, այդ ձգտման մեջ ենք, և քանի որ շատ բաներ մեր ընկալումներից դուրս են, այդ պատճառով էլ այն միշտ ցանկալի ու ձգտելի է, դա կատարելության ճանապարհն է: Որքան ձգտում և փորձում ենք հասնել, այնքան այդ ճանապարհ ու նպատակը մոտենում և նույնականանում են, դա էլ երջանկություն է:

-Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել յոգայով:

— Յոգայով զբաղվելու որոշումը մի օրում չի կայացվել: Դա իմ կյանքի այն ժամանակաշրջանն էր, երբ ինքնագիտակից էի, և  ներքին ձգտում էր առաջացել ուսումնասիրել  վեհ գաղափարներ, անոմալ երևույթներ, որոնք ստանդարտից դուրս են: Անգամ հստակ տարիք էլ չեմ կարող ասել, ձգտում եղել է և կյանքի առավել հասուն, ինքնագիտակից շրջանում ինչ-որ հանգամանքներ  դրդել են  այդ քայլն անելու: Նպաստել է նաև հանդիպումը յոգայով զբաղվող մարդկանց հետ, որոնք էլ ոգեշնչեցին ինձ: Յոգայով զբաղվելու վերջնական որոշումը կայացվեց, և այդ քայլին գնացի, երբ որոշ տեսակի էակներ ընկալեցի և ուսուցիչների հանդիպեցի:

Ի՞նչ փոխեց ձեր կյանքում այդ որոշումը:

— Ընդհանուր առումով փոխվեց աշխարհայացքս: Ասենք, կյանքի շատ երևույթներ, որոնք առաջ տանջում էին ինձ, հիմա անգամ երջանկացնում են:

Հետադարձ հայացքը ձեր անցած ուղուն ի՞նչ մտորումների և խոհերի է  հանգեցնում: Ինչպե՞ս եք այն գնահատում, ինչի՞ համար եք ափսոսում:

Ափսոսանք չկա, ինչ եղել է, դա պետք է լիներ, դա իմ փորձն է: Առհասարակ, վատ փորձ չկա, բոլոր փորձերը դրական են: Կարող է շատ ցավալի է անցնում այդ փորձը, մեզ շատ ցավեր է պատճառով, մեզ շատ տանջում են այդ փորձով, բայց դրանով մենք ավելի ենք հասունանում, իմաստնանում:  Յոգայում մի կանոն կա, այն է՝ որ գնահատականները մեզ աղավաղման մեջ են գցում: Պետք է վերանայել գնահատման մոտեցումները: Ես գնահատականներից դուրս եմ եկել:

Շատերը համարում են, որ յոգան ազգային չէ և, հետևաբար, մեզ հարիր չէ:

Ես հաճախ հարցնում եմ, այն ինչ ուտում և հագնում եք՝ ազգայի՞ն է, ինչով զբաղվում եք՝ ազգայի՞ն է, հեռուստատեսությունը, համացանցը ազգայի՞ն են: Բոլորը երևույթները՝  կինոն, երաժշտությունը, որ նայում ու լսում եք, ազգայի՞ն են: Այդ ամենը ազգի հետ կապ չունեն, ավելի շուտ՝ համամարդկային է, և երբ համամարդկայինը մեզ ոգեշնչում է, այդտեղ մեր ազգայինն էլ կոգեշնչի դրա շրջանակում, իսկ եթե համամարդկային արժեքներից հեռանանք, ապա մեր ազգայինն էլ կաղավաղվի, կճնշվի: Յոգան ինչ-որ մեկի, ազգի հետ կապելը ճիշտ չէ: Ի դեպ այդ բառը հայերենում էլ կա. դա «յոգի» բառն է, որը գրաբարում հոգի՝ յոգի է, որն էլ  սանսկրիտերեն յոգի՝միացում բառն է, հոգին, ոգին և մարմինը մեկ դառնալու իմաստն է:

-Խոսենք յոգայի ուսմունքում  ուսուցչի կերպարի և դերի մասին:

— Ուսուցիչն ամենակարևոր առանցքն է յոգայում, որովհետև նա օգնում է ձևավորվելու անորոշության և անգիտության մեջ. դեպի ոգուն տանող, դեպի կատարելության, երջանկության տանող խորհրդանիշ (սիմվոլ), որը միացնում է դրանք, ներքին գիտելիք է տալիս: Առանց ուսուցչի ոչ ոք ոչ համացանցի օգնությամբ, ոչ էլ գրքերով չի կարող իր էությանը, լուսավորության, պայծառության հասնել: Ով կարող է ասել, թե ինքը հասել է դրան, հեքիաթ, աղավաղված պատմություններ են: Բոլոր պայծառացած էակներն իրենց ուսուցիչն են ունեցել՝ Քրիստոսն էլ, Բուդդան էլ, Պլատոնն էլ: Քանի դեռ ներքին այդ գիտելիքը միայն ուսուցչի միջոցով է փոխանցվում, գրքերը, համացանցը չեն կարող այն փոխանցել: Մեր ունեցած մարդկային հնարավորություններով  ու ընդունակություններով դա անհնար է:

— Մարդկության զարգացման պատմության ընթացքում, որպես ուսմունք, յոգան ի՞նչ փոփոխություններ է կրել, ի՞նչն է մնացել անփոփոխ: Նյութապաշտական ներկա ժամանակաշրջանում արդյո՞ք չի նսեմացվել և ինչ-որտեղ «հնացած» դարձել յոգայի ուսմունքը:

— Յոգայի մասին առաջին նշագրումները վերագրվում են դեռևս մեր թվարկությունից հազարամյակներ առաջ: Սա հօգուտ յոգայի խոսուն փաստ է, երբ մարդկության վաղնջական ժամանակներից  կարևորվել են սեփական անձը ճանաչելու, ինքնատիրապետման և զարգացման հնարավորությունները: Այսինքն՝  յոգան  հազարավոր տարիների պատմություն ունի, բայց և պետք է ընդունել, որ բոլոր դեպքերում մարդկության փորձն իր ազդեցությունն է թողնում, ինչպես ասենք, մաթեմատիկայի և այլ գիտությունների զարգացման առումով. Բայց նաև պետք է արձանագրենք, որ իրականում մատուցան ձևն է փոխվել, մատուցման լեզուն ժամանակակից է դարձել, ժամանակակից ընկալումով, որպեսզի մարդկային միտքն ընկալի այդ հասկացողությունները,  իսկ բուն էությունն անփոփոխ է:

Ինչ վերաբերում է նյութապաշտականին, պարզապես, պետք է հասկանանք, որ երջանկությունը նյութականով չէ պայմանավորված: Մեր առողջությունը նյութական չէ, բայց բոլոր գումարներից առավել վեհ է, որովհետև մենք ինչքան էլ գումար ունենաք, ինչքան էլ բժիշկներին վճարենք, հնարավոր է արդյունքի չհասնենք, առողջ չլինենք: Մարդ չկա, որ իր առողջությունը չգնահատի, այն նույնիսկ որոշ առումով մոտիկ է նյութականին, որովհետև մեր մարմինը տառապում է դրանից: Տեսեք սերն էլ նյութական չէ, որևէ մեկը ինչքան էլ գումար ունենա, հնարավոր է, որ իրենն չսիրեն, այլ միայն կեղծավորություն անեն, և ինքը դժբախտ լինի: Եթե մարդը միայն նյութականի մեջ լիներ, քար կլիներ: Մարդիկ ավելի վեհ գաղափարներ ունեն՝ արարելու զգացում, արարելու ու արարածն ընկալելու հնարավորություն, որոնք մատերիայի ընկալման  գաղափարից բարձր են: Այդ պատճառով էլ մենք, որպես մարդ, քարից տարբերվում ենք: Իհարկե, դա չի նշանակում, որ մատերիականը պետք չէ, քանի որ մենք այս աշխարհում ենք, մարմին ունենք, որը մատերիական է, և պետք է իր այդ հատկությունների միջով անցնի:

Այնուամենայնիվ, յոգայի դպրոցների տարատեսակ բազմազանությունն արդյո՞ք չի խոսում արդեն իսկ կուռ համակարգի բացակայության մասին:

— Գլոբալ առումով երկու ճանապարհ կա՝ լոգիկայի և սրտի ճանապարհները: Եվ դպրոցներն էլ այդ առումով բաժանվում են մտքի՝ մտքից հորինած ճանապարհի,  և  սրտի դպրոցների: Խորքային, առավել իմաստալից ու վերջնական արդյունքին տանող ճիշտ ճանապարհը դեպի սիրտ ճանապարհն է, երբ ամեն ինչ սրտանց է տեղի ունենում:

Սովորական մարդը, որը ցանկանում է զբաղվել յոգայով, ինչպե՞ս կարող է տարբերել իսկական ուսուցչին շառլատաններից:

— Անկեղծությունն է ամենակարևորը, ինչքան կկարողանա տեսնել անկեղծության մեջ, ինչքան կարող է բաց լինել, զգալ անկեղծությունը, այնքան լավ: Տրամաբանությամբ մենք շատ երևույթներ չենք կարող տարբերել:

Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի մարդը, որ հաջողության հասնի  յոգայում:

 -Եթե  իր գիտակցությունը համեմատենք անոթի հետ, այն պետք է շատ լիքը չլինի, շատ սկզբունքներ չունենա, կաղապարները շատ չլինեն, գիտակցությունը «ծակ» չլինի, որ լցվի, չթափվի, կեղտոտ չլինի, որ չաղավաղվի ընկալածը և, իհարկե, ցանկություն էլ լինի: Եվ ջանք կիրառելով, ուշիմություն ու ընկալման բացություն ունենալով,  հնարավորություն են ստանում ցանկալի արդյունքների հասնել:

Ռուզան Պեպանյան

 

*** 

Նայեք իմ աչքերին: Նա, ով նայում է ձեզ իմ աչքերով՝ այդ նա է, ով ձեր աչքերով նայում է ինձ: Եվ նա, ով մեզ է նայում բոլորի աչքերով, դա հենց Աստվածն է:

***

Թող ես լինեմ  պաշտպանը բոլոր անպաշտպանների, ուղեկիցը՝ բոլոր թափառողների:  Կամուրջը, նավակը կամ լաստանավը լինեմ բոլորի համար, ովքեր ցանկանում են հայտնվել մյուս ափում: Թող կղզի դառնամ նրանց համար, ովքեր փափագում են ցամաք  տեսնել և աչքերի լույս՝ լույսը փնտրողների համար: Մահիճը լինեմ ուժասպառվածների և ծառան՝ օգնության կարիք ունեցողների համար: OM A HUM

***

Նա, ով տեսնում է իրենից դուրս՝ քնած է, ով իրեն է ներհայում՝ արթնանում է:

***

Սանսարան միտքն է՝  դուրս շրջված, և  մոլորված՝ իր բոլոր հարթություններում: Նիրվանան միտքն է՝ ներշրջված դեպի էությունը, իր բնույթը ճանաչող:

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts