ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նախօրեին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին արված հայտարարարությունն ամենեւին էլ չափազանցություն չէ եւ առկա են տեսագրություններ.
«Հարգելի գործընկերներ,
3 հարցադրումներ ունեք, երեքն էլ պարզաբանեմ.
1. Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է՝ հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը : Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում, մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի՝ փաստորեն՝ սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն:
2. Հարցադրում կա, ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին և բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը, թերևս, միգուցե նաև նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք- բաց նամակ նախաձեռնելը դրանով էր իսկ պայմանավորված:
3. Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց Ճշմարտությունը միշտ մեկն է լինում:Բնականաբար տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է և անհերքելի, որը ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի ՙՙՀերոսը՚՚ պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչը ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է:
Հ.Գ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել, բոլոր ցանկացողներին…
Շնորհակալություն համագործակցության համար»,-գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Նշվել է, որ համալարանական միջոցառման ժամանակ հոգեբուժարանի տնօրենը ռեպլիկներ է նետել, խանգարել նոբելյան մրցանակակիրներին, վիրավորել: