Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերից երևում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների ներգրավելու մտադրությամբ դպրոց այցելած անձինք վեճի են բռնվում տնօրինության կամ ուսուցչական կազմերի հետ՝ առաջացնելով լարվածություն: Իրականացվում են նաև բարձրախոսներով վանկարկումներ ու կոչեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել նաև աշակերտների ծնողների անհանգստությունը իրենց երեխաներին դպրոցներից հավաքներին ներգրավելու ու նրանց պաշտպանվածության առնչությամբ: Ծնողները նշել են, որ այդ պատճառով հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել:
Պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նշված դեպքերի և բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով դրանց վերաբերող միջազգային կանոններն ու պրակտիկան, ինչպես նաև ստեղծված կոնկրետ իրավիճակի հանգամանքները:
Նախ, երեխային առնչվող բոլոր հարցերում առանցքային է նրա լավագույն շահի սկզբունքը: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:
Երեխայի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, նրա բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը առաջնահերթ նշանակություն ունեն:
Նախորդ մի քանի օրերի ընթացքում արձանագրվել են բախումների մի շարք դեպքեր ինչպես ոստիկանության և ցուցարարների, այնպես էլ ցուցարարների ու այլ քաղաքացիների միջև: Ապրիլի 16-ին Ոստիկանությունը գործադրել է հատուկ միջոցներ, որոնց արդյունքում արձանագրվել են մարմնական վնասվածքների դեպքեր:
Ոստիկանությունն պաշտոնական հայտարարություններով նշել է, որ հավաքների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը: Պետք է նկատի ունենալ նաև Ոստիկանության հայտարարությունը հավաքը դադարեցնելու, այն ցրելու, ինչպես նաև հատուկ միջոցներ գործադրելու հնարավորության մասին:
Դրանից բացի, Ոստիկանության բաժիններ Պաշտպանի ներկայացուցիչների այցերի ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածների թվում առկա են նաև անչափահաս աշակերտներ: Ըստ ձեռք բերած տեղեկությունների՝ նրանցից մի քանիսը ներգրավված են քրեական վարույթի շրջանակներում:
Ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների պաշտպանությունն ու նրանց անվտանգության ապահովումը: Դրանից բացի, ակնհայտ խաթարվում է նաև կրթություն ստանալու երեխաների իրավունքը:
Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքը մասնակցելու խաղաղ հավաքների կամ խաղաղ բնույթ կրող զանգվածային այլ միջոցառումների: Սակայն սա չի նշանակում, որ երրորդ անձինք կարող են դասապրոցեսի ընթացքում դպրոցում իրականացնել քաղաքական բնույթ կրող միջոցառման մասնակցելու քարոզ:
Պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, կոնկրետ իրավիճակում անթույլատրելի է համարում այցերի և դպրոցներ ինքնակամ մուտք գործելու միջոցով երեխաներին հավաքներին կամ երթերին ներգրավելու փորձերը: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի փորձերն ու կոչերն արվում են հանրային գործիչների կողմից:
Հանրակրթական դպրոցների հետ կապված բոլոր գործողություններում պետք է նկատի ունենալ նաև, որ դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը պատասխանատու են դպրոցում սովորող երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Ուստի, գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից: