Մոսկվայի առաջին վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Ուկրաինայի Զապորոժիեի մարզի (ՌԴ վերահսկողության ներքո գտնվող հատվածի-խմբ․) 70-ամյա բնակչուհի Սվետլանա Լոյի դատավճիռը, որը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով կատարված դրամական փոխանցումների համար, «պետական դավաճանության» գործի շրջանակում, հաղորդում է Մեդիազոնա-ն։
Վերաքննիչ բողոքը լսվել է փակ դռների ետևում։
Լոյի դատավճիռը հրապարակվել էր փետրվարի 10-ին։
Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի մարզային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով նախատեսված «պետական դավաճանության» մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2024 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Լոյը 24 անգամ գումար է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար՝ ուկրաինական բանկի հավելվածի միջոցով։ Այս փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է 63,420 ռուբլու համարժեքը։
Դատարանի մամուլի հաղորդագրության մեջ պնդվում է, որ թոշակառուն «հակառուսական հայացքներ ունի»։
Լոյը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2023 թվականի դեկտեմբերին՝ պահպանելով Ուկրաինայի քաղաքացիությունը։ Դատարանը հատուկ նշել է, որ նա շարունակել է ստանալ իր ուկրաինական կենսաթոշակը և նաև դիմել է ռուսական կենսաթոշակի համար։
Աղբյուր՝ Hraparak.am
