ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր
ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր
նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:
Հանդիպման նպատակն էր ջերմոցատերերի հետ քննարկել ոլորտում առկա իրավիճակը,
ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները:
«*Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին
ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ
տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների
համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի
համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով,
միաժամանակ նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում,
որը թույլ կտա ճիշտ պահեստավորել և պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով*»,-
իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով
հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկները:
Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի
ներմուծման դեպքերին, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակի լաբորատոր
ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը,
կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը
վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման և զարգացման նպատակով կարևորել են
նաև մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Նախարար Առաքելյանը նշել է , որ
նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր և
դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը: Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
