Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականություն«Ելք»-ը կասկածի տակ է դնում խորհրդարանում ԲԴԽ-ի անդամների ընտրության արդյունքները

«Ելք»-ը կասկածի տակ է դնում խորհրդարանում ԲԴԽ-ի անդամների ընտրության արդյունքները

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների բոլոր թեկնածուներն ընտրվեցին։

ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 98-ը։

Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի թեկնածու ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանի օգտին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորից կողմ է քվեարկել 96-ը, դեմ՝ 2-ը։

Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ անդամի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի օգտին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից, (մեկ քվեաթերթիկ անվավեր է համարվել), կողմ են քվեարկել 90-ը, դեմ՝ 7-ը։

Խորհրդի երրորդ անդամ ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի օգտին 98 քվեարկած պատգամավորից 82-ը կողմ է եղել,15՝ դեմ, 1՝ անվավեր քվեաթերթիկ է արձանագրվել։

Չորրորդ անդամ փաստաբանական դպրոցի դասախոս Հայկ Հովհաննիսյանի օգտին 98 պատգամավորից 86-ը կողմ է քվեարկել, 11-ը՝ դեմ, արձանագրվել է մեկ անվավեր քվեաթերթիկ։

Բարձրագույն դատական խորհրդի հինգերորդ անդամ, փաստաբանների պալատի անդամ Սերգեյ Մեղրյանի օգտին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝10, արձանագրվել է մեկ անվավեր քվեաթերթիկ։

Բարձրագույն դատական խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին խորհրդարանին, ապա երդվեցին «ապահովելով օրենքի գերակայությունը` երաշխավորել դատավորների  և դատարանների անկախությունը։

Քվեարկության արդյունքների ներկայացումից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ընտրությանը մասնակցած «Ելք»-ի բոլոր 7 անդամները քվեարկել են որոշման համաձայն․ — «Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքի»:

Հաշվիչ հանձնախումբի նախագահ Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ) հակադարձեց Փաշինյանին․

— «Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել բոլոր քվեաթերթիկները՝ մեկ առ մեկ, այնպես որ այդ անհիմն հայտարարությունների կարիքը բացարձակապես չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի մնացած հինգ անդամներին կընտրի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը մարտի 1-ին:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments