Բրիտանական կինոյի ամենահայտնի աստղերից մեկը՝ Թոմ Հարդին, տաղանդավոր դերասան ու պարզապես շլացուցիչ արտաքինով տղամարդ լինելուց զատ, հայտնի է որպես կենդանիների պաշտպան: Հարդիի գործընկերներն ու երկրպագուները լավ գիտեն՝ նա որքան շատ է սիրում շներին:
Ինչպես հայտնում է AdMe.ru-ն, օրերս դերասանը կրկին ապացուցել է հավատարիմ չորքոտանիների նկատմամբ իր սերը: Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է անօթևան մնացած շան ձագերի լուսանկարն ու հետևորդներին կոչ արել նրանց համար տուն գտնել:
Հարդին կոչ է արել հետևորդներին սառը հունվարյան եղանակին դրսում չթողնել կենդանիներին, որոնք հայտնաբերվել էին Լոնդոնի այգիներից մեկում:
Նշվում է, որ 7 շաբաթական ձագերի մոտ գերսառեցում էր ախտորոշվել, սակայն նրանք միանգամայն առողջ են: Այնուհանդերձ, Battersea Dogs & Cats Home ապաստարանի աշխատակիցներին չէր հաջողվում կենդանիների համար նոր տուն գտնել: Հայտնի է, որ անգլիացիները խուսափում են սև մորթով շներին տուն տանելուց, քանի որ հավատում են, որ դրանք դժբախտություն են բերում:
Սակայն ձագերի ճակատագրին միջամտել է Հարդին՝ երկրպագուներին խնդրելով 8 շաբաթվա ընթացքում կենդանիների համար նոր տուն գտնել: Բնականաբար, դերասանի կոչից մի քանի ժամ անց շներին վերցնելու պատրաստակամություն հայտնած մարդիկ հերթ են կազմել:






