Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԻնչպես է ձևավորվում Կառավարությունը

Ինչպես է ձևավորվում Կառավարությունը

ԱԺ-ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին, որն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին: Նոր սահմանադրության համաձայն՝ հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները, ու կառավարությունը հրաժարական կներկայացնի:

Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն ՀՀ 15-րդ վարչապետի՝ իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Թեկնածուներ առաջադրելուց հետո Ազգային ժողովը նիստի ժամանակ պետք է ընտրի վարչապետ, սակայն խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ պետք է նշանակի ՀՀ նախագահը:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը, ի թիվս մի քանի տվյալների, ներառում է նաեւ թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ կառավարության անդամ նշանակվելու համաձայնության մասին, տեղեկանք թեկնածուի` վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, ինչպես նաեւ հայերենին տիրապետելը հավաստող փաստաթղթի պատճենը (վկայական, դիպլոմ, ատեստատ) կամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:

Ըստ այդմ՝ ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է ՍԴ, որը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Լիազորություններն ստանձնած կառավարության անդամները երդվելու են․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Կառավարության անդամները երդվում են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում: Կառավարության անդամները՝ վարչապետի ներկայությամբ, վարչապետի նստավայրում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments