Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱրմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական...

Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Ներկա է լինելու 1300 հյուր՝ Հայաստանից ու արտերկրից։ Լրագրողներն այդ արարողությունը լուսաբանելու են Ազգային ժողովից։

Արմեն Սարգսյանին Մարզահամերգային համալիր ուղեկցելու են մոտոցիկլետներով: Հատուկ նիստը կբացի Ազգային ժողովի նախագահը, այնուհետև դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: ՀՀ նորընտիր նախագահն ամբիոնի մոտ կընթերցի երդման տեքստը՝ ձեռքը դնելով Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա։

Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնելու է հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Դրանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը կտա։ Վերջում պաշտոնը ստանձնած նախագահն իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին և նիստը կավարտվի։

«ՀՀ Սահմանադրության 212-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության բոլոր անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments