ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է
կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ
Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության
զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ
անձինք:
Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը հետևել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական
աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ջրամբարի կառուցումը երաշխավորված ջրի
կուտակում և ավելի ճիշտ կազմակերպված ոռոգում կապահովի: «*Այսօր հաճախ ստիպված
ենք լինում Սևանա լճից ջուր բաց թողնել, իսկ Վեդու ջրամբարի կառուցումը
կբացառի այդ խնդիրը, ինչը բնակլիմայական և Սևանի էկոհամակարգի վերականգման
առումով շատ կարևոր լուծում է: Ծրագիրը նաև երկրորդ փուլ ունի, որի ընթացքում
Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհային միջոցներով ջրամբարին
հարակից համայնքների hողերը կխոշորացվեն, կաթիլային ոռոգման համակարգեր
կներդրվեն, ինչը հնարավորություն կտա այդ համայնքերում նվազեցնել ծախսերը և
ավելի հեռավոր համայնքներին ավելի շատ ջուր հասցնել*», — հավելել է նախարարը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի
տեղեկացմամբ` ջրամբարի շինարարությունը շուրջ 1 տարի ընթացքի մեջ է, և
աշխատանքները սահմանված գրաֆիկից 6 ամիս առաջ են ընկել, բացի այդ արդեն կարող
են նշել, որ ջրամբարը նախատեսված 29 մլն մ3-ից նվազագույնը 2 մլն մ3 -ով ավելի
տարողունակ կլինի: Թեև ջրամբարի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2021
թվականի մայիսին, սակայն Ջրպետկոմի ղեկավարը հույս է հայտնել, որ այն պատրաստ
կլինի արդեն 2020 թվականի տարեվերջին:
Արսեն Հարությունյանը հավելել է, որ ջրամբարի շահագործարկման արդյունքում մոտ
8 համայնք` 3200 հեկտար հողատարածքներ, ամբողջությամբ կապահովվեն ջրով, ինչի
արդյունքում Սևանից բաց թողնվող ջրաքանակից 18 մլն մ3 կտրամադրվի այլ
համայնքներում ջրամատակարարման ապահովմանը, 8 խորքային հորեր ամբողջությամբ
կապամոնտաժվեն, ինչը հնարավորություն կտա նաև էլեկտրաէներգիայի էական
խնայողություն ունենալ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ ջրամբարների կառուցման
ծրագրերը շարունակական են լինելու. մասնավորի հետ համագործակցությամբ 11 փոքր
ջրամբարների կառուցման ծրագիր է իրականացվելու, քննարկման փուլում են նաև
պետական ծրագրեր:
«Վեդու ջրամբարը 4000 և ավելի ինքնահոս ջրատարներով ոռոգում է ապահովելու,
ամբողջը փակ ցիկլով է լինելու: Բացի դրանից, նաև մենք կարողանալու ենք
կաթիլային ոռոգում իրականացնել այս տարածաշրջանում, որը բավականին էֆեկտիվ
կլինի և կարծում եմ, որ սա վարակիչ կլինի գյուղացիների համար, որոնք կփորձեն
նաև իրենց տարածքներում կաթիլային ոռոգում իրականացնել», — նշել է Արարատի
մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Ընդգծելով, որ Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտում տարեցտարի
հաջողություններ են արձանագրվում` մարզպետ Արամայիս Գրիգորյանը հույս է
հայտնել, որ ընթացիկ տարին ևս բացառություն չի լինի: Նրա խոսքով` բացի Վեդու
ջրամբարի գործարկման արդյունքում մշակովի հողատարածքների ընդարձակումից,
մարզում նախատեսվում է ավելացնել նաև ինտենսիվ այգիների, ինչպես նաև
ջերմոցային և սառնարանային տնտեսությունների տարածքները:
Այնուհետև նախարարն Արարատի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն,
որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ
պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների
ընթացքին, նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության
ծրագրերին, անասնաբուժության
հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, համայնքային անասնաբույժների
ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:
Նախարար Առաքելյանը նշել է, որ ըստ ներկայացված հայտի ամբողջությամբ
բավարարելու են մարզի դիզելային վառելիքի, սերմացուի, ֆոսֆորական և
կալիումական պարարտանյութերի պահանջարկը, իսկ ազոտական պարարտանյութի շուկան
այս տարի ազատականացվել է, և դրա տրամադրումն ապահովելու են մարզպետարանները:
Մարզի պատասխանատուի խոսքով` ազոտական պարարտանյութը Արարատի մարզի
գյուղացիական տնտեսություններին մատարարարում են 1 կգ-ի դիմաց 7000 դրամ
արժեքով, իսկ տեղափոխումը կատարվում է համայնքների հաշվին:
Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ազոտական պարարտանյութի շուկան
ազատականացվել է, սակայն նախարարությունը հետևում է շուկային և գնային
չարաշահումներ լինելու դեպքում կմիջամտի և կմատակարարի այդ պարարտանյութը`
ապահովելու իրական շուկայական արժեքը, սակայն բոլոր մարզպետները երաշխավորել
են, որ իրենք կկազմակերպեն գործընթացը:
Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ջրպետկոմի նախագահ
Արսեն Հարությունյանը զեկուցել է մարզում ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ
ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին: Ջրպետկոմի ղեկավարը նշել է, որ
հանրապետությունում ոռոգումը մեկարկելու է Արարատի մարզից ապրիլի 1-ին: Նրա
խոսքով` մինչ այժմ մարզում իրականացվել են շուրջ 40 կմ ոռոգման համակարգի,
թվով 95 խորքային հորերի վերանորոգման, ընդհանուր մաքրման աշխատանքներ:
Առանձին անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից
իրականացվող խորհրդատվական աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ
Գևորգյանը նշել է, որ մարզից սուբսիդավորվող վարկերի համար կազմակերպվող
հավաստագրման դասընթացներին մասնակցել է 860 քաղաքացի, որից 761-ը
հավաստագրվել է, 164-ն արդեն ստացել է վարկեր: Հիմնական ուղղվածությունը
ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրերն են, այնուհետև անասնապահություն,
բուսաբուծություն և այլն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մանրամասները՝ կից տեսանյութում`
https://www.youtube.com/watch?v=KyRCbOLyy9I&feature=youtu.be
