Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։
Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝
– արժևորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները,
– կարևորելով քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլորտում քաղաքական պայքարը,
– իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամակարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,
– արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի Հանրապետության և արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,
որոշում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Միաժամանակ, Ժողովը՝
– արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
– իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,
– փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:
Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով։
21 հոկտեմբեր, 2018 թ.
Աղվերան»:
