Երբ տարիներ առաջ առողջապահության ոլորտի առաջնահերթություն հռչակվեց բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովմանն ուղղված քաղաքականությունը, շատերը չէին հավատում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է բարձրացնել ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերը, և որ կարող են արդարացվել այդ նպատակով արվող ծախսերը: Այսօր էլ դեռևս ոլորտում կարգավորման ենթակա տարբեր խնդիրներ կան, սակայն արդեն իսկ հնչող արձագանքները փարատում են, թերևս, անգամ թերահավատների կասկածները:
Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի 50-ամյա հոբելյանի շրջանակում պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արմինե Հարությունյանի հետ զրույցն առնչվում է առաջնային բուժօգնության օղակի հիմնախնդիրներին և ոլորտի զարգացման հեռանկարներին.
Արմինե Հարությունյան
Բժշկի մասնագիտությունը սիրել է դեռևս մանկուց: Դրանում մեծ է պապի՝ Գարուշ Հարությունյանի ներդրումը, որը Աբովյանի շրջանում հայտնի վնասվածքաբան էր և մատների շոշափումով՝ առանց ռենտգենի, կարողանում էր կոտրվածքի ճիշտ տեղը որոշել և կարճ ժամանակահատվածում լիովին ապաքինել հիվանդներին: Հետագայում, երբ դպրոցն ավարտելիս ծնողները ցանկանում էին, որ իրենց դուստրն անպայման տնտեսագետի մասնագիտությունն ընտրի, մարդկանց բուժելու կարևոր գործը նրա համար շատ ավելի առարկայական ու կարևոր դարձավ: Նրան չվախեցրին և չմտափոխեցին անգամ ամենատարբեր կոտրվածքների սարսափազդու պատկերները: Այդպես ընդունվեց բժշկական համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ (եղել է Լ. Օրբելու անվան կրթաթոշակառու). երրորդ կուրսից աշխատել է Էրեբունի բժշկական, ապա Բեգլարյան բժշկական կենտրոնում: Այստեղ տեղափոխվելն էլ ճակատագրական եղավ. հանդիպեց ապագա ամուսնուն, իսկ տարիներ անց դարձավ կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ: Ինքնուրույն վիրահատել սկսել է մագիստրատուրայում սովորելու առաջին իսկ տարում.
— Մեկ ուրիշ մասնագիտությամբ ինձ չեմ էլ կարող պատկերացնել: Մանկաբարձությունն արարչագործություն է, գործ ունես երկու էակի՝ մոր և երեխայի հետ, և յուրաքանչյուր ծնունդ հուզական ապրում է, նոր ուժ, ոգևորություն: Շատ էներգիա է տանում, բայց և ոգեշնչում, լիցքավորում է: Առհասարակ, բուժօգնության դիմողը որոշակի անհանգստություն, ինչու չէ, նաև մտավախություն և, դրանով պայմանավորված, ընկճվածություն ունի, թե ինչպես կավարտվի բժշկական միջամտությունը, և բժշկի խոսքը, վերաբերմունքը շատ կարևոր է բարեհաջող ելքի համար: Սա շատ նուրբ հոգեբանական պահ է, և բժիշկը նաև այդ անհանգստացած հոգին է բուժում: Մանկան ճիչը, մայրացած կամ առողջական խնդիրներ ունեցող կնոջ երախտագետ հայացքը փոխադարձաբար լցնում են է նաև քո հոգին:
— Բարեհաջող ելքի համար հասարակության իրազեկվածությունն էլ շատ կարևոր է, մինչդեռ մեզանում ժամանակին բժշկին դիմելը դեռևս արմատացած ավանդույթ չէ:
— Միաժամանակ աշխատելով օպերատիվ գինեկոլոգիայի ոլորտում, ես հաճախ եմ հանդիպում հիվանդների, ովքեր դիմում են, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը հասել է ոսկորին, դիմում են այնպիսի բարդացած դեպքերով, որ միայն անհապաղ վիրահատությունն է օգնում: Ահա թե ինչու առավել քան կարևորվում է առողջության առաջնային օղակի զարգացումը: Եվ ղեկավարելով թիվ 8 պոլիկլինիկան, ինձ համար, որպես առաջնահերթություն, կարևոր է այդ բացը լրացնելը, ժամանակին բժշկին դիմելու ավանդույթը ներդնելը: Մենք սպասարկում ենք 47 հազար բնակչի՝ 39 հազար մեծահասակ և 8 հազար մանկահասակ, հնարավոր ամեն ինչ անում ենք բնակչության առողջության պահպանման՝ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու, կանխարգելելու համար: Պոլիկլինիկա դիմում են հիվանդներ, հաշմանդամության տարբեր կարգ ունեցողներ, դիսպանսեր հաշվառման մեջ գտնվողներ, որոնց հիմնականում ապահովում ենք դեղորայքով, հետևում հիվանդության դինամիկային: Եթե անգամ հիվանդն ինչ-ինչ պատճառներով չի հաճախում, ապա նրան պատրոնաժի միջոցով հրավիրում և ժամանակին հետազոտում ենք: Պետությունը կարևորում է առողջ հասարակություն, առողջ սերունդ ունենալը և այն կարևոր հանգամանքը, որ հիվանդությունները կանխարգելելն ավելի ձեռնտու է, քան հետո բուժման վրա ավելի շատ ծախսեր կատարելը: Սոցիալական փաթեթի ներդրումն առավել արդյունավետ դարձրեց այդ գործընթացը: Եվ այդ հարցում մեզ օգնում են մեր երկրում առողջապահության քաղաքականության իրականացման պատասխանատու օղակները՝ քաղաքապետարանը և առողջապահության նախարարությունը: Առողջապահական ծրագրերի շրջանակում համագործակցում ենք նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
— Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում կատարվող վիրահատությունների 50 տոկոսից ավելին կարելի է և չանել: Այս առումով, թերևս, առողջության առաջնային օղակի դերը շատ է կարևորվում:
— Այդ ցուցանիշն իմ կարծիքով վիճելի է: Բայց նաև անժխտելի է ժամանակին ճիշտ ախտորոշման և հետևողական բուժման անհրաժեշտությունը: Իսկ դրա համար պետք է բարձրակարգ ընտանեկան բժիշկներ ունենալ և այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ և՛ շտապօգնության բեռը որոշակիորեն թեթևանա, և՛ խրոնիկ ու դիսպանսեր հիվանդները ժամանակին հետազոտվեն և բուժվեն: Ինչպես արդեն նշեցինք, շատ կարևոր է նաև բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, համապատասխան տեղեկատվական թերթիկների պատրաստումը: Այդ դեպքում միայն մենք կարող ենք ունենալ բարդություններից խուսափելու մեծ հնարավորություն: Տեսեք, առողջապահության նախարարությունը համապետական առողջապահական որևէ ակցիա իրականացնելիս հեռուստատեսությամբ, անգամ հեռախոսային հաղորդագրությամբ տեղեկացնում է այդ մասին, և դրա շոշափելի արդյունքները մենք զգում ենք:
— Ի՞նչպիսի ցուցանիշներով դիմավորեցիք պոլիկլինիկայի հոբելյանական տարեդարձը:
— Թիվ 8 պոլիկլինիկան հիմնադրվել է 1967 թվականին: Դեկտեմբերին հանդիսավորությամբ նշեցինք հիմնադրման 50-ամյակը: Ես պոլիկլինիկայի չորրորդ տնօրենն եմ, նախորդ բոլոր ղեկավարները երկարամյա արդյունավետ աշխատանքային փորձով ղեկավարներ են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել բուժհաստատության կայացման գործում: Նախորդների փորձի վրա և վերջին տարիներին իրականացված հիմնովին վերանորոգման և կահավորման շնորհիվ կարողացել ենք պոլիկլինիկան դարձել է միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն՝ վերազինված նորագույն տեխնիկայով, ստացիոնար բուժհիմնարկներին հավասար պայմաններով: Մեր բոլոր մասնագետները վերապատրաստված են, իսկ դա շատ կարևոր հանգամանք է բժշկի հանդեպ վստահություն ձևավորելու հարցում: Հիշում եմ, այստեղ իմ աշխատանքի առաջին տարիներին գանգատներ կային թղթաբանության, կաբինետից-կաբինետ ավելորդ քաշքշուկի հետ կապված: Դրան ավելացրած՝ ժողովրդի մոտ բժիշկների հանդեպ ձևավորված թերահավատությունը: Հենց այդ հավատը պետք էր վերականգնել, իսկ վստահել կարելի մասնագիտական բարձր որակներով բժշկին, հանգամանքը որը մեզ մոտ շատ է կարևորում: Աշխատել ենք առավելագույնը կրճատել այդ վազվզուկը, կարողացել ենք հասնել նրան, որ բնակչության մոտ արմատավորված այն մոտեցումը, թե պոլիկլինիկան բժշկական այս կամ այն թուղթը վերցնելու, աշխատանքի չգնալն օրինականացնելու համար է: Այսօր մեզ դիմում են առողջական խնդիրների վերաբերյալ ամբողջական խորհրդատվություն ստանալու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու, հետազոտվելու, համապատասխան բուժում ստանալու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատական միջամտության նախապատրաստվելու հարցերով:
— Ի՞նչ պայմաններ կարող եք առանձնացնել, որոնք բնորոշում են ձեր ղեկավարած բուժհաստատությունը որպես այդպիսին:
— Կարծում եմ բոլոր առաջնակարգ բուժհաստատությունների համար ամենագլխավորը նորագույն տեխնիկայով հագեցվածությունն ու որակյալ կադրերն են: Այդ երկու կարևոր գործոնները մեզ մոտ ապահովված են: Առողջ սերունդ ունենալու հիմքը կանանց կոնսուլտացիայի, առողջ հղիության ճիշտ կազմակերպումն է, որը մեզանում բավականին լավ հիմքերի վրա է դրված: Կոնսուլտացիայի փորձառու վարիչը՝ Էֆրոսյա Նահապետյանն իր դպրոցի շնորհիվ իր շուրջն է համախմբել հանրապետությունում ճանաչված առաջնակարգ մասնագետներ, որոնք արդյունավետորեն բուժում են չբերությամբ տառապող բազմաթիվ կանանց: Հպարտությամբ կարող ենք նշել, որ այդ առումով մեծ արդյունքների ենք հասել և մեծ համբավ ունենք: Գործում է հղիների մայրական դպրոցը, որի շրջանակներում կազմակերպվող դասընթացների շնորհիվ մայրիկներին նախապատրաստում ենք ծննդաբերության, երեխայի խնամքին:
— Իսկ ի՞նչ դժվարություններ ունենք:
— Դժվարություններից խուսափել, բնականաբար, հնարավոր չէ, դժվարություններ միշտ էլ կլինեն: Այդ մասին բարձրաձայնել չեմ սիրում: Համարում եմ, որ դրանք հաղթահարելի են՝ համախմբված աշխատանքի շնորհիվ:





