Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Ներկա է լինելու 1300 հյուր՝ Հայաստանից ու արտերկրից։ Լրագրողներն այդ արարողությունը լուսաբանելու են Ազգային ժողովից։
Արմեն Սարգսյանին Մարզահամերգային համալիր ուղեկցելու են մոտոցիկլետներով: Հատուկ նիստը կբացի Ազգային ժողովի նախագահը, այնուհետև դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: ՀՀ նորընտիր նախագահն ամբիոնի մոտ կընթերցի երդման տեքստը՝ ձեռքը դնելով Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա։
Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնելու է հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Դրանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը կտա։ Վերջում պաշտոնը ստանձնած նախագահն իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին և նիստը կավարտվի։
«ՀՀ Սահմանադրության 212-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։
Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության բոլոր անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում։
