Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշեց, որ 5-6 վետերան արդեն հարյուրն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է:
Խոսելով Հայաստանում վետերանների առջև ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշեց, որ իր համար ամենացավոտը արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի ուղեգրեր չտրամադրելն է:
Վետերաններին հուզող հաջորդ խնդիրը, ըստ Եսայանի, բուժսպասարկումն է: «Վետերանների 60 տոկոսն անկողնային են, և նրանց պետք է անընդհատ բուժսպասարկում: Սա դժգոհություն է առաջ բերում, վետերաններն ասում են, որ գումար են ուզում բուժման համար, նույնիսկ դիահերձման համար են գումար պահանջում, նման հարցեր կան, որոնք մեզ անհանգստացնում են»,-հավելեց նա:
Վետերանների միավորման խորհրդի նախագահն առանձնացրեց նաև վետերաններին տրամադրվող պատվովճարների հարցը։
«Արդեն 4 տարի է մեր վետերանները յուրաքանչյուր ամիս իրենց թոշակի հետ ստանում են 50 հազար պատվովճար, բայց դրա հետ միասին մենք բավականին հետ ենք ԱՊՀ երկրների վետերանների սոցիալ-կենցաղային պայմաններից»,-հավելեց Եսայանը:
Նա նշեց, որ մայիսի 8-ին 10 վետերանի համար ընդունելություն էին կազմակերպել Հայաստանի Ազգային ժողովը, ՀՀ նախագահը, ինչից իրենք մեծ բավականություն էին ստացել:
