Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»:
Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր երկու շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության ժողովում դարձյալ նախագահի կողմից կատարված հայտարարության հետեւյալ բաժնին. «Արձանագրությունները բանակցվել էին` ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»:
Հիմնական ուղերձը անշուշտ շարունակում է մնալ այն, որ արձանագրությունների վավերացման ընթացակարգը Երեւանն է, որ դադարեցնում է, սակայն խորքում հիմնական արգելակողը եւ պատճառը Անկարան է:
Երկու հայտարարությունների միեւնույն բաժինները համադրելով հետեւում է, որ Երեւանը այս արձանագրությունները անվավեր հռչակելով չի փակում Անկարայի հետ հարաբերությունների բնականոնեցման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նոր գործընթաց սկսելու հնարավորությունը:
Առաջին հայացքից ըստ ձեւի Անկարային, ըստ էության նաեւ միջազգային ընտանիքին է ուղղվում ուղերձը: Անկարան փաստորեն սխալվել է սպասելով իրեն հարմար պահի, իր շահերից բխող պայմանների ստեղծմանը` վավերացնելու համար արձանագրությունները: Պայմանները փոխվել են եւ հետեւաբար նոր պայմանները թելադրում են բանակցային նոր փաստաթղթի մշակում:
Փորձենք ենթադրել, թե ինչ պայմանների է ակնարկվում: Եթե մանրադիտակով կենտրոնանանք ամենատեսանելի գործնական կետի վրա, ապա պիտի ասենք, որ Երեւանի ակնկալածը ապաշրջափակումն է, իսկ Անկարայի շահարկած նյութը` ապաշրջափակումը զիջումների դիմաց պայմանավորելը:
Ժամանակին, շրջափակումը համեմատաբար ավելի ծանր պայմաններ էր ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մինչ, այժմ նոր հեռանկարային վիճակներ են պարզվել մի կողմից ԵՏՄ-ԵՄ, մյուս կողմից Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ հայաստանյան կամուրջի հանգամանքի հետզհետե ուրվագծումով: Ինչը որ բնականաբար նվազեցնում է Հայաստանի շրջափակման ազդեցիկությունը: Դրա համար էլ նախագահը հետեւյալ բառերով է ավարտում անվտանգության խորհրդի նիստի ընթացքում արտասանած իր խոսքը. «Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում` առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ»: Այս ինքնավստահության մեջ առկա է Հայաստանի ստանձնելիք նոր կարգավիճակային հանգամանքը:
Փոխվել են նաեւ աշխարհաքաղաքական իմաստով այլ հանգամանքներ եւս: Ցյուրիխյան արձանագրությունների միջնորդը ըստ ձեւի Շվեյցարիան էր, սակայն ըստ էության հիմնական հովանավորը, աջակցողը, ճնշողը եւ բանակցությունները փրկողը` Վաշինգտոնը: 2009-ին եւ 2018-ին էական փոփոխություններ կան Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում: Փաստորեն հերթական անգամ է, որ պաշտոնական Երեւանը ազդարարել է արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու մասին, անարձագանգ է մնացել Վաշինգտոնի կողմից: Այս հայտարարությունները ժամանակի առումով համընկնում էին Վաշինգտոն-Անկարա ուղղության համեմատական լարվածության հետ: Ավելի՛ն. Վաշինգտոնի վերաբերմունքը Թուրքիայի արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացներին որեւե կերպ չի նպաստում զրո խնդիրներ հարեւանների հետ առաջադրանքի իրականացմանը. ընդհակառակը:
Մինչդեռ ցյուրիխյան օրերին եւս Անկարա-Մոսկվա հարաբերությունները չունեին այսօրվա մերձեցման պատկերը: Եւ եթե մի կողմից ամերիկյան շահագրգռվածությունը ժամանակին բացատրվում էր դեպի ՌԴ եւ դեպի Իրան ճանապարհներին այլընտրանք ստեղծելով, ապա Մոսկվան վրացական մենաշնորհային ճանապարհին այլընտրանք տեսնում էր ցամաքային նոր ուղիով: Թվում է, որ այսօրվա մերձեցման համար առաջնային խնդիր չէ արձանագրությունների չեղարկումը: Ո՛չ միայն խնդիր չէ, այլ նաեւ ռուսական շահերին չվնասող քայլ:
Մյունխենում եթե խոսվում էր նոր պայմաններ, նոր փաստաթղթի մասին, ապա Երեւանում հստակեցվեց, որ եթե հարաբերությունների հաստատման նոր գործընթաց սկսելու համար կա համապատասխան գիտակցում Թուրքիայի կողմից, ապա պետք է հղվեն նոր առաջարկներ, որոնք Երեւանը պատրաստ է քննարկելու:
Պարզ է տրամաբանությունը: Ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնեց Երեւանը, որը հանգեց արձանագրությունների ստորագրությանը: Այդ գործընթացը արգելակեց Անկարան, որի պատճառով էլ Երեւանը դադարեցրեց վավերացման ընթացակարգը: Երեւանը ուղերձ է հղում միջազգային ընտանիքին, թե պատրաստ է վերաբանակցելու. բայց արդեն գնդակը գտնվում է Անկարայի կիսադաշտում:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր