13.1 C
Yerevan
Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորԱշխարհԴոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ

Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ

Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում:

«Արմենպրես»—ի հաղորդմամբ`թանգարան-ինստիտուտում շրջելուց և Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթանալուց հետո նա գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.

«Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ դա կնշանակի, որ մեր դարաշրջանում նմանատիպ սարսափելի ահաբեկչական գործողություները կարող են հնարավոր դառնալ նաև ապագայում: Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխարգելել նման անմարդկայնությունը հետագայում:

Աստված լուսավորի բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են, թող նրանք հանգչեն խաղաղությամբ»:

Լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելուն` նա ասաց, որ Ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ինքը այստեղ չէ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան: «Ես այստեղ եմ որպես մասնավոր անձ: Այնպես որ այդ հարցի մասին եզրակացություն անելը վարչակազմի գործն է»,-ընդգծեց Ջուլիանին:

Խոսելով հայ-ամերիկյան կապերի մասին` Թրամփի անձնական իրավաբանը շեշտեց, որ այդ հարցը երկու կառավարությունների գործն է: «Ես այստեղ եմ, որպես մասնավոր անձ, որ ինֆորմացիա ստանամ որոշ փաստերի մասին: Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ լավ եմ ճանաչում Ամերիկայի հայկական համայնքը»,-եզրափակեց նա:

Ռուդոլֆ Ջուլիանին Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Ջուլիանին հայտնի է նաև որպես Թրամփի ոչ պաշտոնական խորհրդական կիբերանվտանգության գծով:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները