«Եվրամիությունը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին: Պետք է նշեմ, որ նախորդ անգամ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Եվրոպական Միությունը ընտրական համակարգի բարեփոխումների ֆինանսավորման 90 տոկոսը տրամադրել է: Ես հավատում եմ, որ այս անգամ մենք ավելի հետաքրքրված կլինենք այս նախաձեռնությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սվիտալսկին:
Նա հավելեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն արդեն նախաձեռնողականորեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: «Անցյալում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատասխանատու է եղել ընտրական գործընթացներում աջակցության տրամադրման տեխնիկական հատվածի ապահովման համար: Եվ ես գիտեմ, որ նրանք միտված են այդ աջակցությունը տրամադրելուն»,- նշեց նա:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով` փորձագետները պետք է ուսումնասիրեն գործող համակարգի հետագա բարելավման հնարավորությունը: Եզրափակելով խոսքը` դեսպանն ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ձևն ու ժամկետները պետք է որոշի Հայաստանի քաղաքական էլիտան: