Թուրքիայի նախագահը միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենու ճյուղ» զինվորական ներխուժման նպատակը հայտարարում էր, «Մանբիջը պիտի ձերբազատենք ահաբեկիչներից… որովհետեւ նրանք այդ տարածքի իսկական տերերը չեն. իսկական տերերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողությունները պիտի շարունակենք ու հասնենք մինչեւ իրաքյան սահման` վնասազերծելու համար բոլոր ահաբեկիչներին»։
Միայն օրեր հետո` Թուրքիայի կառավարությունը հաղորդում էր, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սահմանափակ է եւ դրա թիրախը Աֆրինի շրջանում գտնվող ահաբեկիչներն են:
Անկարայի կողմից իբրեւ թե Սիրիան ահաբեկչազերծելու քաղաքականությամբ արդարացվող ներխուժումը էությունը եւ ուղղությունն սկսել է փոխել երեւութապես: Իսլամական ջիհադի, ահաբեկչազերծման, քրդական գործոնի չեզոքացման դրոշների ներքո պատերազմ մղելով Անկարան ըստ էության իր հին հանկերգն է, որը փորձում է իրականության վերածել: Անվտանգության գոտիների ստեղծման Անկարայի ծրագիրը, որը մերժվում էր միջազգային համաժողովների, հիմա գետնի վրա առարկայացման հանգրվաններ է արձանագրում։
Անվտանգության գոտու սահմանագծումը հեշտ չի ընթացել: Որքան էլ համաձայնցված եւ թույլատրված ներխուժում լիներ դեպի Աֆրին թուրքական զորքերի տեղաշարժը, այնուամենայնիվ որոշ գոտիներում մի քայլ առաջ երկու քայլ հետ տեղապտույտները տեսանելի են դառնում:
Սահմանափակումը, որի մասին ակնարկություն է անում պաշտոնական Անկարան, խորքում թուրքական ուժերին պարտադրված սահմանափակում է: Քրդական զինյալ խմբավորումները այնքան չպիտի չեզոքացվեն, որ Անկարան կարողանա իր առաջադրած գոտիները վերահսկողության տակ առնել: Միաժամանակ սակայն, Սիրիայի տարածքում քրդերի աշխարհագրական միավորումը չպիտի կայանա, որպեսզի իրողապես ինքնավար իրավիճակը նոր միտումներ չպարզի:
Ուժերի հավասարակշռման այս խաղի կանոնները որոշ առումով թելադրում է գլխավոր խաղացող Ռուսաստանը, որը ահա ստանձնել է միջնորդությունը քրդական ուժեր-Դամասկոս բանակցությունների գործընթացում:
Այդ բանակացությունները նպատակադրում են Աֆրինի վերահսկողությունը հանձնել պաշտոնական Դամասկոսին:
Եթե դա իրականանա, ինչպե՞ս կմեկնաբանվի մինչ այդ պատահածը: Անկարան կանաչ լույս է ստանում Մոսկվայից սկսելու ներխուժման գործողությունը: Համեմատաբար արագ ներխուժմանը հաջորդում են լուրջ դիմադրություններ: Վերագրավվում են դիրքեր, որոնք քրդերը կորցրել էին: Քուրդ-թուրք պատերազմը որոշ տեղեր կերպարանափոխվում է եւ վերածվում կառավարական եւ դրանց հենած ժողովրդային ուժերի եւ սիրիական ընդդիմադիր ուժերի միջեւ ընդհարումների:Կտրուկ կշռույթներով երկու ուղղություննեով էլ գրավում են, կորցնում եւ վերագրավում կարեւոր դիրքեր:
Այս բոլորին զուգահեռ միայն օրերի տարբերությամբ թուրքական հոխորտանքները մինչեւ իրաքյան սահմաններ ներխուժում ծավալելու կվերածվեն սահմանափակվելու որոշումների: Մինչ, քաղաքական բանակցային գործընթացը թե Աֆրինի ճակատագիրը ճշտելու տեղական առումով եւ թե Սոչիի բանակցությունները դարձյալ գլխավոր միջնորդի նախաձեռնությամբ Սիրիայի հանգուցալուծման ուղիները ճշտելու տեղի կունենան միեւնույն օրերին:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր