Մայիսի 8–ը մայիսյան եռատոնի հաղթանակների համար ամենանշանակալից օրն է. 27 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին, ինչը նաև արցախյան պատերազմում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր և նորանկախ Հայաստանի պատմության մեջ մտավ որպես բեկումնային ու հայ ազատամարտիկների բացառիկ սխրանքի օր: Եվ պատահական չէ, որ «մայիսը հաղթանակների ամիս է» արտահայտությունը լայնորեն սկսեց օգտագործվել հենց 1992 թ մայիսի 8-ից հետո:
Շուշիի ազատագրումն իրականացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիայով:
Շուշիի գրավման գլխավոր անձանցից մեկը՝ Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս) հետագայում իր հուշերում պիտի «ստուգաբաներ», թե ինչու «Հարսանիք լեռներում»: Ըստ այդմ, երբ Շուշիի գրավման համար տարբեր ուղղությունների պատասխանատուներն իր և Սամվել Բաբայանի գլխավորությամբ դրանից մի քանի օր առաջ մարտական պլանը ներկայացրել էին այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, վերջինս այն անիրագործելի է համարել, սակայն ի պատասխան պնդումների՝ խոստացել Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ:
Պատահական չէ, որ տոնական միջոցառումներն արդեն այսօր են սկսվել։ Արցախում էլ այն համարվում է Եռատոն, որի ընթացքում նշում են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման 27 ամյակը։
