Մանկության՝ կյանքի ամենաերջանիկ շրջանի մասին հիշողությունները մեր ուղեկիցներն են, որոնք մշտապես նորոգվում են հիշարժան իրադարձությունների՝առաջին անգամ դպրոց ոտք դնելու, այբբենարանի հանդեսի և առհասարակ դպրոցական տարիների մասին պատմություններով, առաջին ուսուցչի կերպարով, թեև արդեն իսկ տարիների խունացած կնիքը կրող, բայց հարազատ ու ջերմ լուսանկարներով: Մանկության և դրան հաջորդող ոչ պակաս հետաքրքիր ու անմոռաց պատանեկության հրաշք աշխարհը վերադառնալու, հիշարժան պահերը վերապրելու, դրանով վերալիցքավորվելու ձգտումն օրերս Հայաստանում էր հավաքել հայրենիքից բացի աշխարհի ամենատարբեր անկյուններում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում ապրող նախկին և ներկա ալավերդցիներին՝ Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցի 1978-1979թթ. ուստարվա 10-րդ «բ» դասարանի շրջանավարտներից շատերին:
Ուղիղ 50 տարի առաջ 7 տարին բոլորած երեք տասնյակից ավելի փոքրիկներ՝ սպիտակ վերնաշապիկով և սև տաբատով տղաներ ու դպրոցական սև կիսաշրջազգեստի վրայից սպիտակ գոգնոց կապած աղջնակներ ոտք դրեցին Ալավերդու Սայաթ –Նովայի անվան միջնակարգ դպրոցի 1-ին «բ» դասարան: Զարմացած հայացքով ու մի քիչ էլ անհանգստացած այդ փոքրիկներին դիմավորեց նույնպիսի անհանգիստ հայացքով երիտասարդ մի կին՝ դպրոցի նոր ուսուցչուհի Աշխեն Միրզոյանը: 1969 թվականի սեպտեմբերի 1-ը երկու կողմերի՝ նորաթուխ առաջին դասարանցիների և նրանց նորաթուխ առաջին ուսուցչուհու համար էլ իսկական փորձություն էր:
Փորձությունները, սովորաբար հաղթահարման աստիճանով են գնահատվում, և այն փաստը, որ 50 տարի անց նրանք սրտատրոփ հանդիպել են, արդեն իսկ վկայում է այն մասին, որ փորձությունը հաղթահարվել է, որ այդ գեղեցիկ ու ներդաշնակ տանդեմն ստացվել է:
«Դե ուրեմն եկեք բաժակները բարձրացնենք, ասենք՝ բարով տեսանք միմյանց և հաճելի ժամանց մաղթենք այսօր բոլորիս»,-միջոցառման հանդիսավարի հրավերը երկար սպասված հավաքույթի մեկնարկը տվեց: Ապա սկսվեց դպրոցական ներկա-բացական. ներկաները փորձեցին վերհիշել մատյանի առաջին, երկրորդ և ապա հաջորդականությամբ մյուս համարները զբաղեցնող դասարանցիներին: Առաջին երեք համարներին հիշելու փորձը հաջողությամբ պսակվեց, հետո սկսվեց զվարճալի ու առաջին դասարանցիներին բնորոշ աղմկալի գուշակությունը: Ափսոսանքով բացակա դրեցին դասարանցիներից շատերին, որոնք տարբեր հանգամանքներով չէին կարողացել մասնակցել հավաքույթին և ցավով ոգեկոչեցին կյանքից անժամանակ հեռացած միակ դասընկերուհու՝ Ծովինար Պողոսյանի, և առավել բարձր դասարաններում իրենց դասղեկած ուսուցիչների՝ Նինա Ավլաստիմովայի (դասղեկ՝ 4-7-րդ դասարաններում), Սամվել Նալբանդյանի (դասղեկ՝ 8-րդ դաս.), Զինա Աթաբեկյանի (9-րդ դաս.), Լիպարիտ Ռամազյանի (10-րդ դաս.), մայրենիի սիրելի ուսուցիչների՝ Լիդա Հովհաննիսյանի, Ասյա Հարությունյանի և այլոց հիշատակը:
Ապա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի՝ մանկության աշխարհը կյանքում ամենանվիրականը լինելու մտքի հանգույն բոլորը տրվեցին այդ նվիրական աշխարհի քաղցր հուշերին՝ վերհիշելով զվարճալի և ուրախ պատմություններ դպրոցական տարիներից: Հիշեցին, թե ինչպես առաջին ուսուցչուհին՝ Աշխեն Միրզոյանը, մարտի 8-ի առթիվ իր տուն այցելած աշակերտներին սիրով ընդունել ու հյուրասիրել էր՝ հրաժարվելով վերցնել նրանց բերած նվերը: Հիշեցին այն տարիներին սովորական դարձած դասերից փախչելու արկածները և դրան հաջորդող «պատժիչ» միջոցառումները, երբ բոլորը մեկ մարդու պես պատրաստ էին միահամուռ պաշտպանել ընկերներին և իրենց վրա վերցնել պատասխանատվությունը: Այս պատմություններն ուրվագծում ու մտովի վերականգնում էին այդ հրաշալի և անհոգ տարիները, որին առցանց կապի միջոցով ակտիվորեն մասնակցում էին բացակա դասընկերներից շատերը:
Այս հետաքրքիր նախաձեռնությունն իր նախապատմությունն ունի, որի «մեղավորը» Լոս Անջելեսում բնակվող Վրեժուհի Գասարջյան-Ժամկոչյանն է: 80-ականներից Հայաստանից մեկնած՝ հայրենի հող ու ջրի կարոտը սրտում, նա մի քանի տարի առաջ համացանցով փնտրելով և հայտնաբերելով համադասարանցիներից ոմանց, կարողացավ մեկիկ-մեկիկ ի մի բերել և մեկ հարկի տակ հավաքել դպրոցն ավարտելու 40-ամյակին:
Անմոռանալի հավաքույթին հաճելի նրբերանգ հաղորդեցին հանդիսավար, Ալավերդու տիկնիկային թատրոնի ղեկավար Լևոն Սադաղյանի գեղեցիկ, գրագետ խոսքը և կազմակերպական հետաքրքիր նորարարությունները, երաժիշտ Արտակ Բուլղադարյանի կենդանի կատարումները, ինչպես նաև շրջանավարտներից ոմանց ամուսինների՝ Գևորգի, Սերժիկի և Հայաստանի ներկայությունը: Երեկոն ամբողջացրին Ալավերդու «Օջախ» ռեստորանային համալիրի (տնօրեն՝ Սեյրան Ռամազյան) համեղ հյուրասիրությունն ու մատուցած հաճելի անակնկալը՝ 1978-79թթ. ուստարվա շրջանավարտների անվանական տորթը, որի շուրջ արված լուսանկարը ևս մի հուշաթերթիկ կավելացնի այս հրաշալի, գեղեցիկ և միաժամանակ շարունակելիության խոստումով պատմությանը:
Ռուզան Պեպանյան





