Նօրաթերթ.am-ի զրուցակիցն է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը:
-Պարոն Տերտերյան, Դուք 2017 թվականի հուլիսին նշանակվել եք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Ինչպե՞ս է ձևավորվել և այս ամիսների ընթացքում ի՞նչպիսի գործունեություն է ծավալել Ձեր ղեկավարած կառույցը։
-Այո, ինչպես նշեցիք, 2017 թվականի հուլիսին նշանակվել եմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Տեսչական մարմինը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշմամբ: Դեռևս 2009 թվականին ՀՀ կառավարությունը ձեռնարկեց տեսչական բարեփոխումների գործընթացը, որի շրջանակներում իրականացվեց տեսչական համակարգի օպտիմալացում, ինչը նախատեսում էր տեսչությունների թվաքանակի կրճատում, կառավարման համակարգի փոփոխություն, տեսուչների վարձատրման համակարգի բարելավում, պետական վերահսկողության առավել նպատակային և թիրախավորված մոտեցում, որի շնորհիվ ստուգող մարմինը տնտեսավարող սուբյեկտներում կիրականացնի ստուգումներ բացառապես ռիսկի վրա հիմնված համակարգի միջոցով՝ բացառելով կրկնորդումները։
Ցանկանում եմ նշել, որ բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների կազմում գործող երկու տեսչությունները լուծարվել են, և ստեղծվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հետևաբար վերջինս չի հանդիսանում նախկին տեսչությունների իրավահաջորդը: Տեսչական մարմինն առաջնորդվում է բացառապես հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, անկողմնակալության և ամբողջականության սկզբունքներով: Կարևոր եմ համարում նշել, որ անձնակազմի ձևավորման գործընթացն էլ հեշտ չի ընթացել, քանի որ կադրային քաղաքականության հարցում ևս առաջնորդվել ենք մասնագիտական կարողությունների և հմտությունների, ազնվության և նվիրվածության գնահատման սկզբունքներով:
Ստացվեց այնպես, որ իմ նշանակումը և պաշտոնավարումը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում լայնամասշտաբ ստուգումներ իրականացվեցին մի շարք անտառտնտեսություններում, ինչի արդյունքում եղան ձերբակալություններ: Տեսչական մարմնի կողմից թվով 8 անտառտնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում իրականացված լայնածավալ ստուգումներով այդ ժամանակահատվածի համար շատ տպավորիչ արդյունքներ ունեցանք, քանի որ ազնվության և անաչառության հարցը դրված էր ամենաբարձր մակարդակի վրա:
Մեր մարմնի կողմից 232 000 հա անտառային տարածքի վերահսկողության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել էին մոտ 22 923 ապօրինի հատված ծառեր, իսկ պետությանը պատճառված վնասը կազմել էր 2 207 758 830 ՀՀ դրամ: Սակայն սրանք դեռևս վերջնական թվերը չեն, եթե հիմա ստուգենք, նորերն ենք հայտնաբերելու: Շուրջ 340 000 հա անտառային տարածք ունեցող Հայաստանում նոր ստեղծված կառույցի համար երկու ամսվա ընթացքում նմանատիպ մասշտաբային ստուգումներ իրականացնելն աննկարագրելի դժվար գործընթաց է եղել: Ցավոք, ազգաբնակչության մեջ կա թյուր կարծիք, որ եթե ծառը կտրեցին, մենք պետք է գնանք այդ ծառի հետևից, և տպավորությունն այն է, թե մենք այդ բոլոր ծառերի պատասխանատուն ենք: Իրականում Հայաստանում յուրաքանչյուր ծառի պահպանության համար կան պատասխանատուներ, մենք իրականացնում ենք վերահսկողություն նրանց նկատմամբ։ Անտառը տրված է որոշակի կառույցի, որը պատասխանատվություն է կրում և՛ ծառի պահպանության, և՛ կտրելու առնչությամբ: Տեսչական մարմինը միայն ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հայտնաբերել բնապահպանական իրավախախտումները և պատասխանատվության ենթարկել իրավախախտին։
Սակայն ցանկանում եմ կարևորել, որ տեսչական մարմնի վերահսկողության արդյունավետությունը կախված չէ միայն պատասխանատվության կիրառման քանակից և տուգանքի գումարի չափից, այլ խիստ կարևոր է գործողությունները նպատակաուղղել դեպի կանխարգելիչ, խորհրդատվական և գործընկերային հիմքերի ամրապնդումը՝ խթանելով նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բանական ու ողջամիտ օգտագործման առումով հանրության իրազեկվածության մակարդակը և գիտակցումը։ Մարդկանց գիտակցության մեջ պետք է ամրապնդվի, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Տարիներ անց պետք է հասնենք նրան, որ լինեն ավելի քիչ իրավախախտումներ և բնականաբար քիչ տուգանումներ:
-Պարոն Տերտերյան, ունե՞ք քաղաքացիների հետ նշանակված հանդիպման օրեր:
— Հանդիպման օրեր չունեմ քաղաքացիների հետ, բայց ես միշտ պատրաստակամ լսել եմ բոլորին: Տեղեկատվական կայքերում և սոցիալական ցանցերում պարբերաբար ներկայացվում են մեր կատարած աշխատանքները, քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդրի և հարցի առնչությամբ տեսչական մարմինը արձագանքում է անմիջապես և հետևողական։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր գործունեությունը թափանցիկ է և հասանելի, որի առնչությամբ իմ նշանակման հաջորդ ամիսներին նախաձեռնել և իրականացրել եմ ճանաչողական բնույթի մարզային այցելություններ ու հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և խոշոր տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների հետ։ Քննարկումների և հանդիպումների արդյունքում ամրագրել ենք փոխհամաձայնեցված և կառուցողական գործելակերպ։
— Ի՞նչն է Ձեզ ամենաշատն անհանգստացնում բնապահպանության ոլորտում՝ ապագային հայացք նետելիս:
— Ես ինքս էությամբ բնապահպան եմ և առաջնորդվում եմ հաջորդ սերունդներին կանաչ և մաքուր բնություն ժառանգություն թողնելու սկզբունքով։ Պետք է փաստել, որ բնապահպանության և ընդերքի ոլորտներում առկա խնդիրների և իրողությունների դեմ անհրաժեշտ է մղել խելամիտ և արդյունավետ պայքար։ Զարգացած և հզոր պետություն կերտելու համար անհրաժեշտ է տնտեսական և արդյունաբերական աճին զուգահեռ առաջնորդվել շրջակա միջավայրին և բնությանը առավելագույնս քիչ վնաս հասցնելու մոտեցումներով և սկզբունքներով։ Ցավոք, Հայաստանում այսօր առկա են բազում բնապահպանական խնդիրներ՝ սկսած թեթև արդյունաբերական ոլորտից մինչև հանքարդյունաբերության ոլորտը։
Հարկ եմ համարում նշել, որ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող պատասախանատուների հետ ունեցել եմ հանդիպումներ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, և ձեռք է բերվել պայմանավորվածություն` այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ իրականացնել շարունակական աշխատանքներ՝ բացառապես օրենքի պահանջների պահպանմամբ։ Դրա շնորհիվ էլ Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել էկոտուրիզմը, գյուղատնտեսությունը և այլն։
-Պարոն Տերտերյան, բնապահպանները գրեթե միշտ ահազանգում են Հայաստանում բնապահպանական բազմաթիվ խնդիրների մասին. Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի հանքերի շահագործման մասին: Ե՞րբ կտրվեն բնապահպանության ոլորտում առկա խնդիրներին լուծումներ:
-Բավականին ցավոտ հարց եք բարձրացնում, սակայն մենք այստեղ պետք է տարանջատենք՝ ինչ ենք ուզում: Եթե ուզում ենք մաքուր շրջակա միջավայր և բնություն, ուրեմն մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք արդյունաբերությունից, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունից: Եթե անգամ հաշվի առնենք երկրում առկա իրողությունները և բնապահպանական վիճակը, հանքեր փակելով մենք սոցիալական լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Ուստի առկա խնդիրները պահանջում են բազմակողմանի մոտեցում, որպեսզի գտնենք արդյունավետ լուծումներ։ Միանշանակ է մի բան, որ հանքերն անկասկած պետք է աշխատեն ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան:
Որպես ոլորտի պատասխանատու վերահսկող մարմին՝ մենք ունենք հրատապ անելիքներ, և ինչու՞ միայն մենք, այլև յուրաքանչյուր բնապահպանական հասարակական կազմակերպություն կամ քաղաքացի, որոնք իրոք մտահոգված են բնապահպանական խնդիրներով, և նրանք պետք է կանգնեն մեր կողքին: Մեր խնդիրն է տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցված բացասական ազդեցությունը հասցնել նվազագույնի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
-Պարոն Տերտերյան, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ձեր ղեկավարած կառույցին հանձնարարեց հանքարդյունաբերության ոլորտի թվով 28 ընկերություններում ստուգումներ իրականացնել, ինչպես նաև կոչ արեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին աջակցել տեսչական մարմնին ստուգումների հարցում: Ի՞նչ կասեք այս առիթով։
-Նախ ողջունելի է կառավարության մտահոգությունը բնապահպանական ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահի դրությամբ թվով 28 հանքարդյունահանողներից գործում են 7-ը: Հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որտեղ խնդիրները շատ բազմաշերտ են: Հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսավարողներին ստուգելը բավականին լուրջ գործընթաց է, այն ժամանակատար է, միաժամանակ նաև մասնագիտական լուրջ ներուժի և ռեսուրսի ներգրավման խնդիր ունի: Սակայն կարող եմ վստահեցնել, որ տեսչական մարմինը պատրաստ է իրականացնել այդ գործընթացն իր ողջ կարողությունների կիրառմամբ՝ օրենքի տառին համապատասխան։ Տեսչական մարմինը վերահսկողությունը և դրա արդյունքների մասին իրազեկումն իրականացնելու է բացառապես անկողմնակալության, ամբողջականության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներով՝ սերտ համագործակցելով և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ բնապահպան ակտիվիստների, և՛ հանրապետական գործադիր մարմինների հետ՝ միևնույն ժամանակ հավելյալ խոչընդոտներ չստեղծելով ոլորտի տնտեսավարողների համար։ Հարկ եմ համարում նշել, որ թվով 28 տնտեսավարողներից գերակշռող մասն արդեն իսկ ներառված էր տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում։
-Պարոն Տերտերյան, տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն իրականացնելիս օրենսդրական ինչ խոչընդոտներ և բացեր են առկա, ի՞նչպիսի լուծումներ եք առաջարկում:
— Իրականում խիստ կարևոր հարց եք բարձրացնում, քանի որ տեսչական մարմնի վերահսկողության արդյունավետության ապահովման հենասյուներից մեկն օրենսդրության շարունակական բարելավումն է, հստակեցումը և անհրաժեշտ կարգավորումների նախատեսումը՝ քաղաքական կամքի հստակ դրսևորմամբ և խոչընդոտների հաղթահարմամբ։ Տեսչական մարմնի ստեղծման իսկ պահից ոլորտը կարգավորող օրենսդրությունը լրամշակելու նպատակով վերհանվել են այն բացերը, որոնց առնչությամբ տեսչական մարմինն իրականացնելու է համակարգված և հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ։ Նշեմ, որ տեսչական մարմնի կողմից պարբերաբար ՀՀ կառավարություն ներկայացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ առաջարկներ:
-Պարոն Տերտերյան, վերջին շրջանում սոցցանցերում ակտիվացել են քննարկումները բնապահպանության ոլորտում առկա խնդիրների մասին։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ արդյունք է այս ամենը և ի՞նչ եք առաջարկում:
-Սոցցանցերում ծավալվող բոլոր նմանօրինակ քննարկումները հասարակության լայն շերտերի ակտիվության և սրտացավության արդյունքն են՝ կապված մերօրյա իրականության և իրողությունների փոփոխման հետ, ինչը ողջունելի է, քանի որ յուրաքանչյուր առողջ քննարկումից և քննադատությունից ծնվում են խնդիրների լուծումներ։ Ցավոք, քիչ չեն նաև այնպիսի քննարկումները և քննադատությունները, որոնք կրում են ապակառուցողական և ապակայունացնող բնույթ և միտված չեն առկա խնդիրներին իրատեսական լուծում տալուն։
Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ բոլոր սրտացավ բնապահպաններին, հասարակական կազմակերպություններին և անհատներին լինել առավել օբյեկտիվ խնդիրների բարձրաձայնման հարցում և լուծման առաջարկները ներկայացնելիս, նպաստել պատասխանատու հասցեատիրոջը գտնելուն՝ խուսափելով անհանդուրժողականություն ցուցաբերելուց։ Ես և իմ կողմից ղեկավարած կառույցը միշտ բաց ենք և պատրաստ լսել շահագրգիռ բոլոր կողմերին և գտնել վերհանված խնդիրները լուծելու օրինական ճանապարհներ: Միաժամանակ ուզում եմ փաստել, որ ոչ միշտ են մեր ցանկությունները և հնարավորությունները համընկնում, ուստի յուրաքանչյուրիս փոքրիկ ներդրումն անգամ կարող է մեր երկրում դրական փոփոխությունների հանգեցնել։
-Եվ վերջին հարցը, կա ՞ն սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:
—Այո, իհարկե, ինձ համար ամենակարևորն ազնիվ և արժանապատիվ ապրելն է։
Հարցազրույցը վարեց՝ Անահիտ Վարդանյանը